Ռուսաստանի սպառողների պաշտպանության պետական մարմինը՝ «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավորապես կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներկրումն ու վաճառքը Ռուսաստանում:
Գերատեսչությունը հայտնել է, որ նշված արտադրանքը չի համապատասխանում մակնշման վրա ներկայացված տեղեկություններին, ինչը խախտում է ԵԱՏՄ ՏԿ 044/2017 «Փաթեթավորված խմելու ջրի, ներառյալ բնական հանքային ջրի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի 3-րդ բաժնի 10-րդ կետի պահանջները։
Նշվում է, որ ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատ իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։ Ըստ «Ռոսպոտրեբնադզորի»՝ արտադրանքի «բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորեցնող տեղեկությունները կարող են հանգեցնել ոչ արդյունավետ բուժման և առողջական վիճակի վատթարացման»։
«Ռոսպոտրեբնադզորը» համապատասխան ծանուցումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններին։ Տեղեկացվել են նաև Մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիան (ԱԿՈՌՏ) և Ինտերնետ-առևտրի ընկերությունների ասոցիացիան (ԱԿԻՏ)։
Նշվում է նաև, որ «Ջերմուկ» հանքային ջրի շրջանառության հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ «Ռոսպոտրեբնադզորի» վերահսկողության ներքո։
«Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է նաև Ռուսաստանում հայկական որոշ արտադրողների ալկոհոլային արտադրանքի իրացումը` «անորակ լինելու հիմնավորմամբ»:
«Պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կանխելու նպատակով առևտրային կազմակերպություններին և ներմուծողներին տեղեկացվել է արտադրանքի վաճառքը դադարեցնելու և Հայաստանից ներմուծված անորակ ալկոհոլային արտադրանքը շրջանառությունից հանելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռոսպոտրեբնադզորում հավելել են, որ հայտնաբերվել է պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանք, որը թողարկվել է «ՎԵԴԻ-ԱԼԿՈ» ՓԲԸ-ի, «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ՍՊԸ-ի կողմից։
Ավելի վաղ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել էր, որ ստուգել է և խախտումներ չի հայտնաբերել «Ջերմուկում»: էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ռուսական շուկա հայկական ծիրանի և «Ջերմուկ» հանքային ջրի արտահանման հետ կապված խնդիրներ չկան և չեն կանխատեսվում։





