AM
26 Մայիս 2026 - 13:24 AMT

ՌԴ-ում հունիսի 1-ից ապրանքների ներմուծման նոր համակարգ է գործարկվելու

Հունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը (Система подтверждения ожидания товаров (СПОТ), հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Նոր կարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ Հայաստանից, դեպի ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքներին։

Համակարգի շրջանակում հիմնական պարտավորությունները կրելու է ռուսաստանյան ներմուծողը, սակայն նոր կարգը կարևոր նշանակություն ունի նաև ՀՀ արտահանողների և բեռնափոխադրողների համար, քանի որ առանց ռուսաստանյան գործընկերոջ կողմից ձևավորված համապատասխան փաստաթղթի և դրա հիման վրա ստացված QR-կոդի՝ բեռի մուտքը ՌԴ տարածք կարող է չթույլատրվել։

ՀՀ արտահանողները պետք է ապահովեն, որպեսզի մինչև բեռի ուղարկումը՝

  • ռուսաստանյան ներմուծողը կամ գործակալը՝ էլեկտրոնային առևտրի հարթակը, ձևավորած լինի մատակարարման ակնկալման հաստատման փաստաթուղթը՝ Документ о предстоящей поставке товаров (ДОПП),
  • ДОПП-ը ռուսաստանյան ներմուծողի կամ գործակալի կողմից ներկայացված լինի սահմանի հատումից ոչ ուշ, քան 48 ժամ առաջ, եթե վճարվում է ներմուծման ԱԱՀ-ի ապահովման վճար, կամ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ, եթե նման վճարում չի իրականացվում,
  • ռուսաստանյան կողմը փոխանցած լինի համապատասխան QR-կոդը,
  • փոխադրողը QR-կոդն ունենա մինչև ՌԴ սահմանին մոտենալը,
  • բեռը ուղեկցող փաստաթղթերում նշված տվյալները համապատասխանեն ДОПП-ում նշված տվյալներին։

Ռուսաստանյան գործընկերոջը պետք է նախապես տրամադրել՝

  • ապրանքի անվանումը,
  • քանակն ու արժեքը,
  • ԱՏԳ ԱԱ /ТН ВЭД/ ծածկագիրը,
  • հաշիվ-ապրանքագրի, պայմանագրի և ուղեկցող այլ փաստաթղթերի տվյալները,
  • փոխադրողի և տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկությունները,
  • ՌԴ տարածք մուտք գործելու նախատեսվող ամսաթիվը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորել է արտահանողներին նախապես քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների և փոխադրողների հետ՝ բեռների ուշացումներից, հավելյալ ծախսերից և մուտքի հնարավոր սահմանափակումներից խուսափելու համար։