ԱՄՆ-ն շարունակում է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը: Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այդ երկրի անկախության օրվա առթիվ:
Նա նշել է, որ ոգեշնչված է «խաղաղ օրակարգն առաջ տանելու Ալիևի ջանքերով», գրում է APA-ն:
«Ոգևորված ենք նաև սահմանների սահմանազատման շարունակվող գործընթացով, 2026 թվականի հունվարին չորս հայ գերիների ազատ արձակմամբ, Հայաստան վառելիքի մատակարարումներով, ինչպես նաև երկու երկրների քաղհասարակությունները միավորող «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությամբ»,- ասվում է Թրամփի ուղերձում:
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։





