AM
27 Մայիս 2026 - 11:30 AMT

Պետրոսյան․ ՀԷՑ-ի վարկային պարտավորություններից մոտ $9 մլն մարում է կատարվել

ՀԷՑ-ի կողմից միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններից ևս մոտ 9 մլն դոլարի չափով մարում է կատարվել, գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

«2025 թ. հուլիս ամսվա դրությամբ՝ ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու պահին, ընկերությունն ուներ վարկային պարտավորություններ միջազգային և տեղական բանկերի, ինչպես նաև թողարկված պարտատոմսերի (ներառյալ՝ հաշվեգրված տոկոսները) գծով ,ոտ 396․8 մլն ԱՄՆ դոլարի չափով, որից միայն միջազգային բանկերին՝ մոտ 123․3 մլն ԱՄՆ դոլար (ընդ որում՝ ընկերության 100% բաժնետոմսերի գրավադրմամբ):

Այս պահին ՀԷՑ-ի վարկային պորտֆելը կազմում է մոտ 347․6 մլն ԱՄՆ դոլար, որից միջազգային վարկերի գումարը՝ 93․2 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ այդմ՝ ժամանակավոր կառավարման շրջանում միջազգային ու տեղական բանկերի նկատմամբ ունեցած ՀԷՑ-ի ֆինանսական պարտավորությունները նվազեցրել ենք մոտ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով (այդ թվում՝ վաղաժամկետ մարումներով)»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ վճարումներն իրականացվել են բացառապես սեփական միջոցների հաշվին՝ ընթացիկ ֆինանսատնտեսական բնականոն գործառնություններին զուգահեռ, առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման:

ՀՀ կառավարությունը նախաձեռնելու է ՀԷՑ-ի բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց: Կառավարությունը ՀԷՑ-ը ձեռք բերելու համար 380,000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Կարապետյանը գումարի այդ չափը անընդունելի էր համարել, և մայիսի 25-ին ՀՀ կառավարության հետ բանակցությունները չեն կայացել։