Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առանձին հանդիպում Աստանայում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում չի նախատեսվում։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Որքան ինձ հայտնի է, չի նախատեսվում, բայց ոտքի վրա ինչ-որ շփում գուցե լինի»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա նաև ասել է, որ ԵՄ-ին անդամակցելու ՀՀ մտադրությունների շուրջ իրավիճակն անորոշություն է ստեղծում ներդրողների համար:
«Գիտեք, անշուշտ, որ ստեղծված իրավիճակը շատ մեծ անորոշություն է ստեղծում այդ թվում նաև ներդրողների համար»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանի պլանների ֆոնին նկատվում է ՀՀ և ՌԴ միջև ներդրումների կրճատում:
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան չի կարող ընդունել պաշտոնական Երևանի որդեգրած գիծը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում, ըստ որի՝ անդամակցությունը պահպանում են, քանի դեռ չի հաջողվել անդամակցել Եվրամիությանը: Գալուզինը նաև հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ու ԵԱՏՄ հետագա զարգացման վերաբերյալ փաստաթղթերը՝ մինչև 2030 և 2045 թվականները։





