AM
27 Մայիս 2026 - 11:49 AMT

Փաշինյան․ ՀՀ երկաթուղու կոնցեսիոն կառավարման տրամաբանությունը պետք է անպայման փոխենք

Հայաստանը ցանկանում է փոխել երկաթուղու կոնցեսիոն կառավարման տրամաբանությունը, որպեսզի պատժամիջոցային խոչընդոտները խնդիր չդառնան երկրի երկաթուղային համակարգի զարգացման համար, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Գողթ բնակավայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում:

Նա անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ զարգացումներին՝ նշելով, որ Թուրքիան այժմ կառուցում է Կարս-Դիլիջու երկաթուղին՝ Կարսից մինչև Նախիջևան հատվածում, մինչդեռ Հայաստանում արդեն առկա է պատրաստի երկաթուղային ենթակառուցվածք, հայտնում է Արմենպրեսը:

«Հայաստանում պատրաստի երկաթուղի կա, և պատրաստի երկաթուղին է պետք օգտագործել»,- ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ ուսումնասիրությունների արդյունքում կառավարությունը եկել է այն եզրակացության, որ խնդիրը կապված է Հայաստանի երկաթուղու ներկայիս կոնցեսիոն կառավարման մոդելի հետ։

«Քանի որ Հայաստանի երկաթուղին ռուսական կոնցեսիայի ներքո է, և Ռուսաստանը բարդ պատժամիջոցային հարաբերություններ ունի Արևմուտքի երկրների հետ, արևմտյան երկրները փնտրում են ճանապարհներ, թե ոնց շրջանցեն դա»,- նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ միջազգային ընկերությունները փորձում են խուսափել պատժամիջոցների ռիսկից և փնտրում են անվտանգ ուղիներ։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն տրամաբանությունը պետք է անպայման փոխենք, որը, ի դեպ, Հայաստանի Հանրապետության 100 տոկոս սեփականությունն է։ Դա պետք է, որպեսզի պատժամիջոցային խոչընդոտը մեր ճանապարհի, մեր երկաթուղիների համար պրոբլեմ չդառնա»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս ուղղությամբ Հայաստանը շարունակելու է աշխատանքը գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ հաջորդ փուլում սպասվում է Հայաստան-Թուրքիա սահմանի և երկաթուղու բացումը։

«Բոլոր դեպքերում արևելքից արևմուտք ապրանքների հոսքն այնքան մեծ է, որ ես համոզված եմ, որ մեր երկաթուղին մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու է և մեծ գումարներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը»,- նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ միջազգային գործընկերները նաև ուսումնասիրել են Հայաստանի տարածքով անցնող ճանապարհային ուղղությունները և եկել այն եզրակացության, որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնում է Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով։

«Մեծ ներդրումային հետաքրքրություններ կան, որպեսզի Տավուշի մարզից դեպի Շիրակի մարզ գնացող ճանապարհները զարգացվեն և բեռնատարների համար վճարովի ճանապարհներ ստեղծվեն»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ ծրագրերը Հայաստանի համար լրացուցիչ եկամուտներ են ստեղծելու։

Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումն իրականացվում է Ռուսաստանի կողմից՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության միջոցով։ Թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ ևս խոսել էր՝ նշելով, որ ռուսական կոնցեսիոն կառավարումը Հայաստանին զրկել է որոշ մրցակցային առավելություններից՝ առաջարկելով հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը փոխանցել Հայաստանի և Ռուսաստանի համար բարեկամ որևէ երրորդ երկրի։

Ռուսական կողմից տարբեր պաշտոնյաներ արդեն հայտարարել են, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի փոխանցելը նպատակահարմար չեն համարում։