AM
27 Մայիս 2026 - 12:29 AMT

Փաշինյանը՝ Մոսկվային․ Անտրամաբանական է Հայաստանին սպառնալ թանկ գնով

Անտրամաբանական է Հայաստանին սպառնալ, օրինակ, գազի թանկ գնով, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով Ռուսաստանից հնչող հայտարարություններին:

Նա ընդգծել է, որ այդ սպառնալիքին կա պատասխան՝ «մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա», հայտնում է «Ազատությունը»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ գազի արտոնյալ գինը կարող է շուկայական դառնալ, եթե Երևանը որոշի լքել ԵԱՏՄ-ը։ ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Լուգովոյն առաջարկել էր վերանայել Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող գազային արտոնությունները:

«Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք՝ լինել ԵԱՏՄ կազմում, թե լինել Եվրամիության կազմում: Էդ ես չեմ որոշելու, էդ դուք եք որոշելու: Իմ խնդիրն այն է, որ դուք ունենաք այլընտրանքներ, և դուք ունեք այլընտրանքներ: Մեր այն գործընկերները, որոնք սրան սպառնալիքով են պատասխանում, թեկուզ թաքնված, իրենք իրենց դեմ են գործում, որովհետև իրենք պետք է առաջարկ անեն հայ ժողովրդին, ասեն՝ էս լավ բանը կանենք, էն կանենք, իրենք հակառակը՝ ասում են՝ էս վատ բանը կանենք», – նշել է Փաշինյանը։

Ընդգծելով, որ այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ, վարչապետը ասել է․ «Դա նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր, Հայաստանը լինելու է միլիարդների և տրիլիոնների երկիր»։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայից որևէ պաշտոնական ծանուցում չի ստացվել համաձայնագրերի հնարավոր չեղարկման մասին։

Նախարարությունից ասել են, որ Հայաստանը ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ կամ գրություն չի ստացել, հայտնում է Արմենպրեսը:

Ավելի վաղ «Կոմերսանտ»-ը գրել էր, որ ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ նախազգուշացնելով գազի համաձայնագրի միակողմանի խզման հնարավորության մասին։ Նշվել էր, որ նամակում ասվում է՝ ՌԴ-ն կարող է միակողմանի կասեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերին, եթե պաշտոնական Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։

Մինչդեռ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի դեսպանությունը պաշտոնապես փոխանցել է էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը՝ հասցեագրված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Նամակով տեղեկացվում է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի շարունակման դեպքում ռուսական կողմը միակողմանիորեն կկասեցնի կամ կչեղարկի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»,-ասել է նա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին հայտարարել էր, որ ճիշտ կլինի, որպեսզի Հայաստանում հանրաքվե անցկացվի Եվրամիության հետ համագործակցության զարգացման հարցով։ Այդ դեպքում, ըստ նրա, Ռուսաստանը կարող է համապատասխան հետևություններ անել և գնալ «քաղաքակիրթ ապահարզանի» ճանապարհով։ Հայաստանի իշխանությունները շարունակում են վստահեցնել, որ հակված չեն սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։