Հայաստանը կարող է կորցնել ատոմային էներգետիկայի ոլորտում ունեցած իր կարողությունները, եթե հրաժարվի ռուսական միջուկային տեխնոլոգիաներից։ Այդ մասին հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Հայաստանը Կովկասի միակ երկիրն է, որը հպարտությամբ կրում է ատոմային էներգետիկայի դրոշը։ Ընդ որում՝ այն ոչ միայն արդյունավետ է կրում այդ դրոշը, այլև լուծում է էներգամատակարարման և էներգահամակարգի կայունության կարևորագույն խնդիրը։ Եվ այդ կարողությունները կորցնելը, այսինքն՝ ընդհանրապես ատոմային էներգետիկան կորցնելը [ՌԴ տեխնոլոգիաներից հրաժարվելու պատճառով], իմ կարծիքով, ամենամեղմ ձևակերպմամբ, բացարձակապես անտնտեսվարական քայլ կլինի»,- ասել է նա, գրում է «Իզվեստիան»:
Լիխաչովը նշել է, որ Երևանը պետք է արդեն 2026–2027 թվականներին որոշում կայացնի՝ 2036 թվականից հետո ատոմային էներգետիկայի հետագա զարգացման գործընկերոջ ընտրության հարցում։ Նրա խոսքով՝ այդ ժամկետները ծայրահեղ կարևոր են, իսկ իրավիճակը՝ բավական պարադոքսալ, սակայն վերջնական որոշումը կայացնելու է Երևանը։
«Ռոսատոմի» ղեկավարի խոսքով՝ աշխարհում փաստացի գոյություն ունեն միայն երկու լիարժեք միջուկային տեխնոլոգիաներ՝ ամերիկյան և խորհրդային, որը հետագայում դարձել է ռուսական։ Մնացած տեխնոլոգիաները, ինչպես նշել է Լիխաչովը, դրանց տարբեր ձևափոխություններն են։
«Առնվազն ՀՀ-ն ստիպված կլինի վերապատրաստվել բոլորովին այլ տեխնոլոգիաների համար։ Նրանք իրավունք ունեն ընտրելու ամերիկյան տեխնոլոգիան, սակայն դա մեծապես ենթադրում է թե՛ կադրերի պատրաստման համակարգի, թե՛ շահագործման մասնագիտական կարողությունների ամբողջական վերափոխում», — բացատրել է նա։
Լիխաչովը նաև կասկած է հայտնել ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների գործնական կիրառման պատրաստվածության վերաբերյալ՝ նշելով, որ աշխարհում առայժմ չկա նմանատիպ որևէ օբյեկտ, որը գտնվի շինարարության փուլում։
«Միայն ներկայացումների հիման վրա ընտրություն կատարելը, իմ կարծիքով, նույնպես այնքան էլ տնտեսվարական մոտեցում չէ», — եզրափակել է ռուսական պետական կորպորացիայի ղեկավարը։
Ավելի վաղ նույն օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը նախազգուշացրել է Հայաստանին գազի և նավթամթերքների մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի հնարավոր կասեցման մասին, եթե շարունակվի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը փոխանցվել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
Նույն օրը Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է ինքնուրույն որոշեն, թե որ միավորմանն են ցանկանում անդամակցել։ Նա հավելել է, որ Եվրամիության անդամակցությունը Երևանի համար դեռ հեռու հեռանկար է։ Որպես օրինակ Պեսկովը նշել է Թուրքիան, որի առաջ, իր խոսքով, երկար տարիներ «գազար» են պահում։ Նա նաև նշել է, որ բազմաթիվ երկրների համար այդ միության անդամակցությունը վերածվում է «անիրականանալի երազանքի»։





