AM
28 Մայիս 2026 - 11:45 AMT

Մայիսի 30-ից ՌԴ-ն սահմանափակում է լոլիկի, վարունգի, ելակի և այլ գյուղմթերքի ներմուծումը ՀՀ-ից

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է սահմանում ծագումով Հայաստանից և ՀՀ-ից արտահանվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմի մշակումը։ Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ:

Գերատեսչությունը հայտնել է, որ որոշումը կայացվել է Ռուսաստան ներկրվող հայկական մրգի և բանջարեղենի մատակարարումների ընթացքում խախտումների հաճախակիացման և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով։ Նշվում է, որ ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում երկրի բուսասանիտարական վիճակի համար։

Բացի այդ, ըստ «Ռոսսելխոզնադզորի», Հայաստանի համապատասխան մարմինը նախկինում արձանագրված խախտումների ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել։

Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում 2026 թվականի մայիսի 21-27-ը «Ռոսսելխոզնադզորը» ստուգումներ է իրականացրել Հայաստանի ձեռնարկություններում։

«Ստուգումների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ ջերմոցային համալիրներում հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային համարվող օբյեկտներ։ Գերատեսչության տվյալներով՝ 2026 թվականի ընթացքում հայկական մրգի և բանջարեղենի ներմուծման ժամանակ նման դեպքեր արձանագրվել են 181 անգամ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Ռոսսելխոզնադզորը» նաև հայտնել է, որ իր տեղեկատվական համակարգի տվյալներով՝ մեծ ծավալի միրգ և բանջարեղեն Ռուսաստան է մատակարարվում բազմաթիվ հայկական արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից, որոնց սեփականության ձևը հայտնի չէ, և որոնք խուսափում են կարանտինային բուսասանիտարական վերահսկողությունից։

Գերատեսչության գնահատմամբ՝ դա վկայում է այն մասին, որ հայկական կողմի մոտ բացակայում է Ռուսաստան արտահանվող արտադրանքի հետագծելիության համակարգը։

Մայիսի 27-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայկական կողմին պաշտոնապես փոխանցել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Խոսքը վերաբերում է բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրին։