AM
29 Մայիս 2026 - 06:43 AMT

Փոխվարչապետ. ՀՀ-ն կարևորում է ԵԱՏՄ-ում ԱԲ տեխնոլոգիաների զարգացումը և պատրաստ է համատեղ աշխատանքի

ՀՀ-ն կարևորում է ԵԱՏՄ-ում ԱԲ տեխնոլոգիաների զարգացումը և պատրաստ է համատեղ աշխատանքի, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Աստանայում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի նիստում:

Նա նշել է, որ Եվրասիական միության անդամ երկրների համար կարևոր է ընդունել հայտարարություն, որը կսահմանի արհեստական բանականության պատասխանատու օգտագործման ընդհանուր սկզբունքները, կամրագրի ԱԲ-ի կիրառման էթիկայի միասնական մոտեցումները, ինչպես նաև դրա ուղղվածությունը միության երկրների քաղաքացիների և տնտեսությունների իրական պահանջներին։

Փոխվարչապետը նշել է, որ արհեստական բանականության կիրառման ընդլայնումը պահանջում է հստակ իրավական դաշտի ձևավորում, ինչպես նաև որոշումների ընդունման նկատմամբ մարդկային վերահսկողության բավարար մակարդակի ապահովում։

«5–րդ դարում հայոց այբուբենի ստեղծումը թույլ տվեց հասարակությանը սովորեցնել կարդալ ու գրել, պահպանել գիտելիքները և դրանք փոխանցել գալիք սերունդներին։ Այսօր՝ արհեստական բանականության դարաշրջանում, մեր առջև նոր խնդիր է ծառացած. ոչ միայն կրթել մարդկանց, այլև սովորեցնել մեքենաներին հասկանալ մեզ, մեր լեզուները, տեքստերն ու մշակութային ժառանգությունը»,– ասել է է Գրիգորյանը։

ՀՀ փոխվարչապետի գնահատմամբ՝ նոր ժամանակաշրջանի հիմնական ռեսուրսը շարունակել են մնալ մարդիկ՝ մեծ տվյալների (Big Data) և ալգորիթմների հետ աշխատող մասնագետները։ Այդ պատճառով, նրա կարծիքով, պետությունների միջև հիմնական մրցակցությունը տեղափոխվել է կրթության որակի և գիտական միջավայրի ոլորտ։

Նա հավելել է, որ արհեստական բանականության ժամանակակից մոդելների և համակարգերի առաջընթացը անմիջականորեն կապված է բարձրակարգ հաշվողական հզորությունների հասանելիության հետ։ Այդ իսկ պատճառով տվյալների մշակման ենթակառուցվածքների զարգացումը, այդ թվում՝ «ամպային» ձևաչափով (հեռավար սերվերներ – խմբ), դարձել է Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։

Գրիգորյանը նաև նշել է, որ թվային վերափոխումը վերաբերում է ոչ միայն արդյունավետությանն ու աշխատանքի արտադրողականության բարձրացմանը, այլև պետությունների տեխնոլոգիական ինքնիշխանության խնդրին։ Նրա խոսքով՝ կարևոր է ոչ միայն սեփական ուժերով ներդնել տեխնոլոգիաները, այլև ձևավորել կրթական հիմք դրանց հետագա զարգացման համար։ Երկրների մրցակցային առավելությունները, ըստ նրա, որոշվելու են ոչ միայն ռեսուրսային ներուժով, այլ առաջին հերթին տնտեսության և պետական կառավարման համակարգում նոր տեխնոլոգիաները ինտեգրելու կարողությամբ։

«Արհեստական բանականության զարգացման նկատմամբ պատասխանատու և նորարարական մոտեցումը մեր երկրներին հնարավորություն կտա ձևավորել կայուն, անվտանգ և մրցունակ ապագա։

Հայաստանը պատրաստ է առարկայական երկխոսության և համատեղ գործնական աշխատանքի՝ այս ուղղությամբ բոլոր համատեղ նախաձեռնությունների իրականացման նպատակով»,-ասել է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում նիստին քարոզարշավի պատճառով, մինչդեռ ՌԴ պաշտոնյաները հայտարարել են, որ ի թիվս այդ հարցերի քննարկվելու է նաև «ՀՀ կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ում»: