AM
29 Մայիս 2026 - 13:06 AMT

ՍԱՏՄ-ն ստացել է ՌԴ սահմանափակումների վերաբերյալ ծանուցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` ՍԱՏՄ-ն ստացել է Ռուսաստանի սահմանափակումների վերաբերյալ ծանուցումը։ Այդ մասին հայտնել է ՍԱՏՄ ղեկավարի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 28-ին տեղեկացրել է, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներմուծումը։ Նշվում էր, որ վերջին շրջանում Հայաստանից արտահանվող գյուղատնտեսական արտադրանքը չի համապատասխանել ՌԴ պահանջներին:

«Տեսչական մարմնի ղեկավարը սկսել է բանակցությունները, կհասկանանք՝ խնդիրը որտեղ է, ըստ այդմ՝ կփորձենք կարգավորումներն իրականացնել»,– ասել է Անուշ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ արդյունքները կհրապարակվեն մոտ ժամանակում։

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է նաև Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Մայիսի 15-ին հայտնի է դարձել, որ «Ռոսսելխոզնադզորը» մտադիր է ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, այդ թվում՝ այն ընկերություններում, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցվել էր։ Պատճառը եղել են կեղծված ձկնամթերքի ներմուծման կասկածները, որոնք, ենթադրաբար, եվրոպական ծագում ունեն։ Մայիսի 24-ին հայկական կողմը հայտնել է, որ «Ռոսսելխոզնադզորն» ավարտել է հայկական ձեռնարկությունների ստուգումները։