AM
29 Մայիս 2026 - 14:15 AMT

ԵԱՏՄ առաջնորդները ՀՀ-ին հորդորել են հանրաքվե անցկացնել

ԵԱՏՄ անդամ երիրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները Հայաստանին կոչ են արել հանրաքվե կազմակերպել Եվրամիությանը միանալու հարցի շուրջ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Կիսում ենք այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու վերաբերյալ»,- նշված է Աստանայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված նրանց համատեղ հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փաստաթղթում նաև ասվում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները դեկտեմբերին կներկայացնեն զեկույց Հայաստանի համար ԵԱՏՄ մասին պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։

Չորս երկրների ղեկավարներն ընդգծել են նաև, որ անհրաժեշտ է կանխել այն հնարավոր վնասը, որը կարող է հասցվել միությանը Երևանի՝ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստական գործընթացի հետևանքով։

Մայիսի սկզբին Վլադիմիր Պուտինը Հայաստանին կոչ էր արել հնարավորինս արագ հստակեցնել Եվրամիության կամ ԵԱՏՄ-ում մասնակցության հարցը։ Մինչ այդ նա բազմիցս հայտարարել է, որ երկիրն ինքն է ընտրում իր գործընկերներին, սակայն միաժամանակ երկու կառույցներում գտնվելը հնարավոր չէ։

Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Ղազախստանում անցկացված գագաթնաժողովին, որտեղ նախատեսվում էր քննարկել այս հարցը՝ պատճառաբանելով դա նախընտրական քարոզարշավով։ Նա նաև հայտարարել է, որ եթե Հայաստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից, այդ քայլը չի կատարվի հանկարծակի, այլ կլինի նախապես պլանավորված, և այդ հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի լինի։