ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստան այցի ավարտից հետո անդրադարձել է Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքներին։
Նա զգուշացրել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Երևանը կկորցնի ազատ առևտրի մասին գործող համաձայնագրերի հասանելիությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ստիպված կլինենք, ընդհանուր առմամբ, Հայաստանի հետ մեր գրեթե ամբողջ աշխատանքը, որը վերաբերում է ինտեգրացիոն գործընթացների շրջանակում տնտեսական համագործակցությանը, դադարեցնել»,-ասել է նա:
Պուտինը նշել է, որ Հայաստանը նաև կբախվի ավտոմոբիլային փոխադրողների նկատմամբ պահանջների խստացմանը, իսկ միգրանտները Ռուսաստանում աշխատելու համար ստիպված են լինելու ձեռք բերել համապատասխան արտոնագրեր: Բացի այդ, Մոսկվան բարձրացնելու է Երևանի համար վառելիքային ռեսուրսների գները, ինչը, նրա գնահատմամբ, կարող է արժենալ երկրի ՀՆԱ-ի 14 տոկոսը։
«Էներգակիրների ցածր գներ․ Եվրոպայում դրանք 600 եվրո են, իսկ այստեղ՝ 150-ից մի փոքր ավելի․ դրանք անհամեմատելի մեծություններ են։ Բոլորը միշտ ասում են «էներգակիրները»․ դա կարևոր է, սակայն դա միակ առավելությունը չէ, միակ դրական կողմը չէ»,-ասել է նա:
Պուտինը նաև հիշեցրել է, որ Հայաստանում ռուսական կապիտալի ներդրումների բաժինը գերազանցել է 86 տոկոսը։
«Երևանում կայացած հանդիպումից հետո եվրոպացի գործընկերները խոստացել են ներդնել 2․5 միլիարդ եվրո։ Թե ինչպես են ներդնելու, երբ են ներդնելու՝ դա դեռ պետք է տեսնել»,-նշել է նա:
Նախագահը կոչ է արել հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել՝ որոշելու Հայաստանի ապագան ԵԱՏՄ-ում է, թե Եվրամիությունում։ Միաժամանակ նա նշել է, որ Երևանի՝ ԵՄ-ի հետ մերձեցմանն ուղղված տնտեսական որոշումները չեն վնասելու Ռուսաստանի հետ հումանիտար կապերին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կխնդրեինք մեր հայ գործընկերներին, բարեկամներին։ Վարչապետ Փաշինյանն ինքն է այդ մասին ասել, որ ծրագրում է, ճիշտ է համարում անցկացնել հանրաքվե այն հարցի շուրջ, թե որտեղ պետք է լինի Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միությունո՞ւմ, թե Եվրամիությունում։ Մենք կխնդրեինք, որպեսզի դա արվի հնարավորինս շուտ», – ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում անդամակցության և Եվրամիություն մտնելու ծրագրերի հետ կապված իրավիճակն աննախադեպ է որակել։
Պեսկովը հիշեցրել է, որ Հայաստանը հայտարարել է ԵՄ անդամակցությանն ուղղված իր կողմնորոշման մասին և ընդունել համապատասխան օրենք։ Սակայն, նրա խոսքով, Եվրամիության անդամակցությունը նորմատիվ առումով հակասում է ԵԱՏՄ անդամի կարգավիճակին, ինչը վտանգ է ստեղծում ինտեգրացիոն գործընթացների համար։
«Իրավիճակն իսկապես աննախադեպ է։ Հայաստանը հայտարարում է, որ այս հարցով հանրաքվե է լինելու, սակայն մյուս կողմից՝ օրենքն ընդունվել է առանց հանրաքվեի։ Այս իրավիճակում բազմաթիվ հակասություններ կան։ Բայց յուրաքանչյուր երկիր ինքնիշխան ընտրության իրավունք ունի, և բոլորը հարգանքով են վերաբերվում Հայաստանի այդ իրավունքին։ Սակայն դա չի կարող իրականացվել այլ պետությունների հաշվին, քանի որ, այնուամենայնիվ, ԵԱՏՄ անդամակցությունը մասնակից երկրների համար շատ մեծ առավելություններ է ապահովում», – ասել է Պեսկովը։
2025 թվականի գարնանը Հայաստանում ընդունվել է օրենք, որը վերաբերում է հանրապետության՝ Եվրամիությանը միանալու մտադրությանը, թեև Եվրամիությունն ինքը երկրին անդամակցություն չի առաջարկել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը գիտակցում է հանրապետության՝ միաժամանակ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ լինելու անհամատեղելիությունը։ Միևնույն ժամանակ երկիրը շարունակելու է իր օրակարգը համադրել երկու միավորումների հետ այնքան ժամանակ, քանի դեռ դա հնարավոր է։
Պուտինն ասել է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր ընտրությունը՝ մասնակցելու է ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, և այդ դեպքում հնարավոր կլինի անցնել «փափուկ և քաղաքակիրթ բաժանման» ճանապարհով։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում, որտեղ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները հանրապետության վերաբերյալ հայտարարություն են ընդունել։





