Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները չեն ցանկանում, որ Հայաստանը լքի միավորումը, սակայն պատրաստ են հարգել Երևանի որոշումը, գրում է ՌԲԿ-ն բելառուսական իշխանություններին մոտ «Պուլ Պերվոգո» տելեգրամյան ալիքի վրա հղումով:
«Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը դուրս գա մեր եվրասիական միությունից։ Միևնույն ժամանակ մենք հարգում ենք Երևանի ընտրությունը։ Մենք հարգում ենք Հայաստանի ժողովրդի ընտրությունը», — հայտարարել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն նշել է, որ եթե հայկական իշխանությունները որոշեն դուրս գալ ԵԱՏՄ-ից և անդամակցել Եվրամիությանը, ապա միության երկրները չեն կարող հակադրվել հայ ժողովրդի կամքին։ Նա նաև հայտնել է, որ գագաթնաժողովի մասնակիցները պաշտպանել են այս հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարը։
Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միության անդամ երկրների ղեկավարներն ընդունել են հայտարարություն Հայաստանի հետագա մասնակցության հարցի վերաբերյալ՝ հաշվի առնելով Երևանի եվրաինտեգրման ուղեգիծը։ Փաստաթուղթը փոխանցվել է հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Երևան հասցնելու համար։
Կրեմլի կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները մինչև 2026 թվականի դեկտեմբերը պետք է պատրաստեն զեկույց Հայաստանի համար հնարավոր հետևանքների վերաբերյալ, եթե նրա մասնակցությունը ԵԱՏՄ-ում կասեցվի։ Փաստաթղթում ընդգծվել է, որ նման քայլերը քննարկվում են միության երկրների տնտեսական անվտանգության համար առկա ռիսկերի պատճառով, որոնք կապված են Երևանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերի հետ։





