AM
30 Մայիս 2026 - 10:14 AMT

ՀՀ գլխավոր հյուպատոսն ու Ֆրեզնոյի քաղաքապետը խոսել են համագործակցության ընդլայնման մասին

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը մայիսի 27-28-ին աշխատանքային այց է կատարել Ֆրեզնո, այդ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ուղեկցությամբ:

Նա հանդիպումներ է ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի, Ֆրեզնոյի շրջանի Կառավարիչների խորհրդի անդամ Նաթան Մեգսիգի (5-րդ շրջան), Ֆրեզնոյի Առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ, համայնքային առողջապահական համակարգի ֆոնդերի զարգացման հարցերով ղեկավար Կրիստա Շորթ Էյչլիի և գլխավոր գործադիր տնօրեն Սքոթ Միլերի, Ֆրեզնո քաղաքի տնտեսական զարգացման հարցերով տնօրեն Քլիֆ Լոնգի, ինչպես նաև Կալիֆոռնիայի համալսարանի Ջրային ռեսուրսների, էներգետիկայի և տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Էրիկ Հեդենի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կալիֆոռնիա շրջանակային համաձայնագրով նախատեսված համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ առանձնահատուկ կարևորելով գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, ջրային ռեսուրսների պահպանման և կառավարման ոլորտներում փոխգործակցության խորացումը, ինչպես նաև երկկողմ այցելությունների իրականացումը։

Առանձնակի շեշտադրվել է Էջմիածին-Ֆրեզնո քույր քաղաքներ ձևաչափով համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը։

Աշխատանքային ծրագրի շրջանակում գլխավոր հյուպատոսն այցելել է Կալիֆոռնիայի համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղ և հանդիպում է ունեցել Հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի համակարգող և Հայագիտության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Բարլո Տեր-Մկրտչյանի հետ։ Քննարկվել են Կալիֆոռնիայում գործող հայագիտական կենտրոնների ներգրավմամբ համատեղ նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները։

Գլխավոր հյուպատոսը նաև հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ է դրել համալսարանի տարածքում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։

Գլխավոր հյուպատոսը մասնակցել է նաև Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի կազմակերպած՝ Հանրապետության օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը։ Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, Կալիֆոռնիայի նահանգային օրենսդիր և դատական իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրեզնոյի հայ համայնքի անդամներ։

Իր ելույթում գլխավոր հյուպատոսը նշել է, որ Մայիսի 28-ը պատմական և խորհրդանշական առանձնահատուկ նշանակություն ունի՝ ընդգծելով պետականության պահպանման ու ամրապնդման, ինչպես նաև խաղաղ և զարգացող պետություն կառուցելու գործում յուրաքանչյուր հայի պատասխանատվությունը։

Այցի ավարտին գլխավոր հյուպատոսն այցելել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան և ծանոթացել այնտեղ ներդրված նորարարական լուծումներին, որոնք վիրտուալ իրականության տեխնոլոգիաների օգնությամբ հնարավորություն են տալիս ներկայացնել Սարոյանի կյանքն ու գրական ժառանգությունը։