AM
1 Հունիս 2026 - 06:31 AMT

Զելենսկին ասել է՝ ՀՀ-ին պետք է աջակցել ՌԴ-ից հնչող հայտարարությունների ֆոնին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Հայաստանին պետք է աջակցել Ռուսաստանից հնչող հայտարարությունների ֆոնին: Այդ մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:

Նա նշել է, որ Ռուսաստանն այժմ իր հարևանությամբ գտնվող երկրներին սպառնում է առավել բացահայտ, քան նախկինում, հայտնում է Արմենպրեսը:

«Ռուսաստանն այժմ սպառնում է իր հարևանությամբ գտնվող երկրներին առավել բացահայտ, քան նախկինում: Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսել է, թե ինչ է ասվել Հայաստանի մասին, որի ժողովուրդը միայն իրավունք ունի որոշել և ընտրել իր երկրի ապագան: Այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ», – գրել է Զելենսկին։

Նա հավելել է, որ ստեղծված պայմաններում որևէ երկիր կամ ժողովուրդ չպետք է մնա առանց աջակցության։ Նրա գնահատմամբ՝ Եվրոպան իրավունք չունի կորցնել իր ժողովուրդներից որևէ մեկին կամ անտեսել որևէ պետության։

«Հայաստանին պետք է աջակցել: Մոդովային պետք է աջակցել: Բալթյան երկրներին: Ադրբեջանին պետք է աջակցել: Մենք պետք է ուղիներ գտնենք՝ աջակցելու Վրաստանի ժողորդին նույնպես, և սա եվրոպական ընդհանուր խնդիր է: Չի կարելի կորցնել ոչ ոքի», – պնդել է Ուկրաինայի նախագահը:

Ռուսաստանը վերջին օրերին տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտնի մակարդակով ՀՀ իշխանություններին կոչ է արել հնարավորինս արագ կողմնորոշվել ԵԱՏՄ և ԵՄ միջև ընտրություն կատարելու հարցում։

Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն են ընդունել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանին առաջարկվում է հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։

Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։

Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։