AM
1 Հունիս 2026 - 06:45 AMT

Լուկաշենկո. Հայ ժողովուրդը պետք է շատ զգույշ լինի ԵԱՏՄ-ի և ԵՄ միջև ընտրություն կատարելիս

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել «շատ զգույշ լինել» Եվրասիական միության և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս, որպեսզի «չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում»։

Ըստ նրա՝ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) հնարավոր դուրս գալու և Եվրամիության հետ մերձենալու վերաբերյալ հայտարարությունները պայմանավորված են Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններով, որոնք Հայաստանում անցկացվելու են հունիսի 7-ին։ Նա նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն իր հայտարարություններում հասում է «ԵԱՏՄ-ի նվաստացման», գրում է Meduza-ն։

«Հայերը պետք է շատ զգուշավոր լինել, որպեսզի, Աստված մի արասցե, չկրկնվի այն, ինչ տեղի է ունեցել Ուկրաինայում… Ուկրաինայում ամեն ինչ հենց այսպես է սկսվել։ Դուք դա հիշում եք։ Որպեսզի նրանք՝ հայերը, որոնք նոր են դուրս եկել մի պատերազմից, դրա հետևանքով չհայտնվեն ծանր իրավիճակում։ Պետք չէ շտապել։ Պարզապես պետք է մտածել, պետք է լինել իմաստուն։ Նման քայլ անելուց առաջ հայ ժողովուրդը պետք է շատ լրջորեն մտածի։ Սա միակ բանն է, ինչին ես նրանց կոչ եմ անում։ Ժողովուրդը կհայտնի իր կարծիքը, և մենք կհամաձայնենք դրա հետ», — հայտարարել է Լուկաշենկոն։

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի իշխանությունները մայիսի 29-ին համատեղ հայտարարություն են հրապարակել, որով պահանջել են, որ Հայաստանը հանրաքվե անցկացնի և որոշի՝ երկիրը շարունակո՞ւմ է մնալ ԵԱՏՄ-ում, թե ոչ։ Նրանց կարծիքով՝ Երևանի կողմից ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստությունը ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգության համար պարունակում է «էական ռիսկեր»։ Հայտարարության հեղինակները նշել են, որ անհրաժեշտ է «կանխել դրանից բխող վնասը»։

Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամը սկսել է ձևավորվել այնպիսի իրավիճակից, որը նման է ներկայում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։

«Ես արդեն հիշատակել եմ այդ մասին։ Ուկրաինայի ճգնաժամը ժամանակին սկսվել է Ուկրաինային ԵՄ-ին միացնելու փորձերից։ Մենք դրան դեմ չէինք», — ասել է նա։