AM
1 Հունիս 2026 - 06:56 AMT

Օվերչուկ․ ՀՀ-ում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի

ՀՀ-ում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ հավելելով, որ երկրի գազամատակարարման ոլորտում կարող է ստեղծվել շատ բարդ իրավիճակ:

«Հայաստանում շատ բարդ իրավիճակ կլինի, իսկ մենք դա չենք ցանկանում»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա հավելել է, որ շատ լավ են ծանոթ գազի շուկայում տիրող իրավիճակին։

«Հարցը միայն այն է, թե Հայաստանը որտեղից կստանա ռուսական գազը և որ միջնորդներին կվճարի դրա համար»,-ասել է նա:

ՌԴ փոխվարչապետը նաև ընդգծել է, որ Եվրոպան շարունակում է ստանալ ռուսական գազ։

«Ուստի նրանց պարզապես անհրաժեշտ է նայել քարտեզին։ Տեսնել, թե նույնիսկ այժմ այնտեղ որ խողովակաշարերն են գործում, և անմիջապես կհասկանան, թե ումից են ստանալու ռուսական գազը։ Իհարկե, արդեն հաշվի առնելով 30% արտահանման մաքսատուրքը, հաշվի առնելով, որ դա կլինի շուկայական գին, ինչպես նաև այն հանգամանքը, որ միջնորդներն էլ կցանկանան ստանալ իրենց եկամտի բաժինը», – ուշադրություն է հրավիրել Օվերչուկը։

Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։