AM
1 Հունիս 2026 - 12:19 AMT

Չեխական պարբերականը՝ Վարդանյանին Հավելի մրցանակին առաջադրելու մասին․ Պարզ չէ՝ ինչ արդյունք կլինի

Չեխական Lidové noviny պարբերականն անդրադարձել է Բաքվի բանտում պահվող գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առաջադրմանը Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թվականի մրցանակին:

Պարբերականը գրել է, որ նրան առաջադրել է Հայաստանից և արտերկրից մարդու իրավունքների պաշտպանների մի խումբ:

«Նրանք նշում են, որ թողնելով հարստությունն ու անձնական հարմարավետությունը՝ Վարդանյանը բառի բուն իմաստով անձնազոհություն է կատարել՝ փոխելով փրկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, երբ արդեն պարզ էր, որ Ադրբեջանը կգրավի տարածքը, իսկ ռուսները թույլ կտաբ, որ իրադարձությունները ծավալվեն անվերահսկելի կերպով: Նա վտանգի ենթարկեց անձնական անվտանգությունն ու հարմարավետ ապագան՝ աշխարհի ամենադժվար ու զգայուն հակամարտության գոտիներից մեկում երկխոսելու հնարավորություն ու փոխըմբռնում փնտրելու համար»,-ասվում է Թոմաշ Վլաչի հոդվածում:

Անդրադառնալով այն հարցին, թե հաջողություն կունենա արդյոք առաջադրումը՝ նա նշել է, որ դեռ պարզ չէ՝ ինչ արդյունք կլինի:

«Ադրբեջանական բանտերում պահվող Լեռնային Ղարաբաղի մոտ երկու տասնյակ հայ բանտարկյալների ճակատագիրը դուրս է միջազգային հանրության ուշադրությունից, «մինչդեռ մարդու իրավունքների պաշտպաններն այդ գործերը քաղաքական դրդապատճառ ունեցող են համարում»,-ասվում է հոդվածում:

Հոդվածում ներկայացված է նաև միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության դիրքորոշումը, որը Բաքվում ընթացող դատավարությունները բնութագրել է որպես «արդարադատության նկատմամբ ծաղր»։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։