Ռուսաստանի Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», հայտարարել է, որ հունիսի 2-ից Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկների և ձկնամթերքի հավաստագրումը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ որոշումը կայացվել է այն ստուգումների արդյունքներով, որոնք ռուս մասնագետները իրականացրել են Հայաստանում գործող ձկնավերամշակման ձեռնարկություններում և իշխան ձկան բուծմամբ ու պահմամբ զբաղվող տնտեսություններում, գրում է Interfax-ը:
«Ստուգման արդյունքների համաձայն՝ 2026 թվականի հունիսի 2-ից հայկական կողմը պետք է կասեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը ռուսաստանյան գնորդների համար բոլոր հայկական ընկերությունների դեպքում՝ բացառությամբ ստուգումն անցած 2 ընկերության, մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը»,– նշված է հաղորդագրությունում։
«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ ստուգման արդյունքները գնահատվել են որպես անբավարար։ Միաժամանակ ընդգծվել է, որ ստուգման ենթակա ձեռնարկությունների մոտ կեսը հրաժարվել է ընդունել տեսչական այցը։
«Ստուգումն անցած երկու գործարանի ձկնամթերքը կթույլատրվի ներմուծել Ռուսաստան՝ անվտանգության ցուցանիշների լաբորատոր մշտադիտարկման պայմանով»,– հայտնել է ծառայությունը։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել էր, որ ծառայությունը հայտնաբերել է անհայտ ծագման արտադրանքի մատակարարումներ, որոնց մի մասը, ըստ նրա, հնարավոր է հայկական ծագում չունենա։
«Հայաստանի լեռնային գետերի իշխան ձուկը որևէ կերպ չի կարող նման լինել նորվեգականին»,– ասել էր Դանկվերտը։





