AM
1 Հունիս 2026 - 12:57 AMT

Ալիև. Զանգեզուրի միջանցքն անպայման կառուցվելու է

Համաձայն օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի՝ «Զանգեզուրի միջանցքն անպայման կառուցվելու է», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 31-րդ էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողության ընթացքում ունեցած ելույթում։

Նա հայտարարել է, որ երկիրը շարունակում է բացել նոր տրանսպորտային միջանցքներ՝ ներդրումներ կատարելով երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքներում, գրում է APA-ն:

«Զանգեզուրի միջանցքը, որը կդառնա Արևելք-Արևմուտք միջանցքի ևս մեկ ճյուղավորում, անպայման կկառուցվի՝ համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի և իմ միջև ստորագրված փաստաթղթի»,-ասել է նա:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր։ Նախաստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։