AM
1 Հունիս 2026 - 14:41 AMT

Զախարովա․ ՀՀ-ում ՌԴ դեսպանը հիմա Մոսկվայում է

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում է, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ դեսպանը «խորհրդակցություններ է անցկացնում», հայտնում է ՌԲԿ-ն:

Դեսպանը Մոսկվա է կանչվել մայիսի 30-ին: Ըստ հրապարակման՝ այդ որոշումը պայմանավորված է եղել «Հայաստանի ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ ձեռնարկված քայլերով, որոնք վնաս են հասցնում ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը»։

Ավելի վաղ Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի արդյունքներով ԵԱՏՄ անդամ երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանը, Հայաստանին կոչ են արել հնարավորինս արագ հանրաքվե անցկացնել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցով։

ԵԱՏՄ անդամ երկրների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ դեկտեմբերին նախատեսված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ներկայացվելու է զեկույց Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Նման փաստաթուղթ պատրաստելու որոշումը պայմանավորվել է միության երկրների տնտեսական անվտանգության համար առկա լուրջ ռիսկերով, որոնք, ըստ հայտարարության, կապված են Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու մտադրության հետ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում գագաթնաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Երևանը կկորցնի միության ազատ առևտրի գոտու հնարավորություններից օգտվելու իրավունքը, կբախվի երկաթուղային սակագների աճի և ավտոմոբիլային փոխադրողների համար պահանջների խստացման։

Պուտինի գնահատմամբ՝ էներգակիրների թանկացումը Հայաստանի համար կարող է արժենալ առնվազն ՀՆԱ-ի 14 տոկոսը։

Միաժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ անկախ այն բանից, թե ինչ որոշում կկայացնի Հայաստանը ԵԱՏՄ-ում հետագա մասնակցության վերաբերյալ, դա չի ազդի Ռուսաստանի հետ մարդասիրական և քաղաքական կապերի վրա, քանի որ, նրա ձևակերպմամբ, «տվյալ դեպքում խոսքը զուտ տնտեսական հարցերի մասին է»։