AM
1 Հունիս 2026 - 14:47 AMT

Պեսկով. ԵԱՏՄ երկրները մինչև դեկտեմբեր պետք է քննարկեն ՀՀ հետ կապված բոլոր նրբությունները

ԵԱՏՄ երկրների ղեկավարների քառակողմ հայտարարությունը ենթադրում է, որ միությունում Հայաստանի գտնվելու հետ կապված բոլոր նրբությունները պետք է մանրամասն ուսումնասիրվեն մինչև դեկտեմբեր։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ անդամ երկրների համապատասխան կառույցները պետք է «ներկայացնեն այս հարցի մշակման արդյունքները» պետությունների ղեկավարներին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այս ամենը պետք է քննարկվի մինչև դեկտեմբեր»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

ԵԱՏՄ անդամ երկրների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ դեկտեմբերին նախատեսված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ներկայացվելու է զեկույց Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Նման փաստաթուղթ պատրաստելու որոշումը պայմանավորվել է միության երկրների տնտեսական անվտանգության համար առկա լուրջ ռիսկերով, որոնք, ըստ հայտարարության, կապված են Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու մտադրության հետ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում գագաթնաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Երևանը կկորցնի միության ազատ առևտրի գոտու հնարավորություններից օգտվելու իրավունքը, կբախվի երկաթուղային սակագների աճի և ավտոմոբիլային փոխադրողների համար պահանջների խստացման։

Պուտինի գնահատմամբ՝ էներգակիրների թանկացումը Հայաստանի համար կարող է արժենալ առնվազն ՀՆԱ-ի 14 տոկոսը։

Միաժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ անկախ այն բանից, թե ինչ որոշում կկայացնի Հայաստանը ԵԱՏՄ-ում հետագա մասնակցության վերաբերյալ, դա չի ազդի Ռուսաստանի հետ մարդասիրական և քաղաքական կապերի վրա, քանի որ, նրա ձևակերպմամբ, «տվյալ դեպքում խոսքը զուտ տնտեսական հարցերի մասին է»։