ՌԴ-ն հունիսի 2-ից սահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի և այլ կորիզավոր մրգերի ներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ:
«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ արձանագրել է հայկական մրգերի մատակարարումների ընթացքում խախտումների հաճախակիացած դեպքեր։
«Գերատեսչությունը բազմիցս տեղեկություններ է փոխանցել հայկական կողմին՝ կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի մատակարարումների ժամանակ հայտնաբերված խախտումների վերաբերյալ, որոնք առնչվել են ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային համարվող օբյեկտների հայտնաբերմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նման դեպքերի հաճախակիացումը վկայում է Հայաստանում Գյուղատնտեսության նախարարության լուծարման հետևանքների մասին, որի լիազորությունները փոխանցվել են Էկոնոմիկայի նախարարությանը։ «Ռոսսելխոզնադզորի» գնահատմամբ՝ վերջին շրջանում Հայաստանից մատակարարվող արտադրանքը չի համապատասխանել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին:
«Կարելի է ենթադրվել է, որ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը բախվել է կառուցվածքային խնդիրների և լիարժեք չի կարողանում իրականացնել գյուղնախարարության վերացումից հետո իրեն վերապահված գործառույթները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության կարծիքով՝ ստեղծված իրավիճակը վտանգի տակ է դրել Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի բուսասանիտարական բարեկեցությունը, ինչպես նաև Ռուսաստանում արդյունաբերական այգեգործության, պտղաբուծության և խաղողագործության պետական աջակցության ծրագրերի իրականացումը։
«Այս հանգամանքները հաշվի առնելով՝ 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվում Հայաստանի Հանրապետությունից ծագող և առաքվող կորիզավոր պտուղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0809 ծածկագրից՝ բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ և նեկտարին) և թարմ խաղողի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0806 ծածկագիր) ներմուծման նկատմամբ, ինչպես նաև նշված արտադրանքի տարանցման նկատմամբ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմի մշակումը»,-ասվում է «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության մեջ:
Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։





