Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ շնորհավորել նրան ծննդյան օրվա առիթով, սակայն, ՌՌ իշխանական շրջանակներում կարծում են, որ Կրեմլից կատարված «զանգը չի նշանակում, թե Մոսկվան մեղմացրել է իր դիրքորոշումը Հայաստանի՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցում», գրում է «Կոմերսանտն» իր աղբյուրի վրա հղումով:
Ռուսական իշխանական շրջանակներց թերթի զրուցակցի խոսքով՝ Կրեմլից Երևան կատարված վերջին զանգը որևէ կերպ չի վկայում ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի որոշիչ ընտրության հարցում Ռուսաստանի դիրքորոշման վերանայման մասին։ Աղբյուրը նշել է, որ Մոսկվան շարունակում է պնդել ԵԱՏՄ անդամակցության հարցը համազգային հանրաքվեի դնելու անհրաժեշտությունը։
«Վերջին զանգը» վերտառությամբ հոդվածի հեղինակը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, այդ զրույցը դարձել է «լավ առիթ»՝ Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո Հայաստանի հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ քննարկումները շարունակելու համար։
Հունիսի 1-ին տեղի ունեցած Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Kreml.ru կայքում հրապարակված կարճ հաղորդագրությունում նշվել է, որ Ռուսաստանի նախագահը զանգահարել է Երևան՝ իր հայ գործընկերոջը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորելու նպատակով։ Հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը դարձել է 51 տարեկան։ Բացի այդ, ռուսական պետության ղեկավարը շնորհավորական հեռագիր է ուղարկել Հայաստանի վարչապետին։
«Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական բնույթ են կրել։ Կցանկանայի Ձեզ մաղթել առողջություն, բարեկեցություն և հաջողություններ»,— ասվել է Նիկոլ Փաշինյանին ուղղված Ռուսաստանի նախագահի ուղերձում։
Զրույցի մանրամասները լրագրողներին ներկայացրել է Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ երկու առաջնորդների այս շփումը դարձել է առաջին անձնական հաղորդակցությունը Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 1-ին Մոսկվա կատարած այցից հետո։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը վերաբերող բոլոր հարցերին, այդ թվում՝ անցած շաբաթվա վերջում Ղազախստանում անցկացված գագաթնաժողովի շրջանակում միավորման չորս առաջնորդների հայտարարությանը։
«Տեղի է ունեցել այն օրակարգի շարունակական քննարկումը, որը եղել է Եվրասիական բարձրագույն տնտեսական հանձնաժողովի նիստում՝ Աստանայում»,— հայտնել է Դմիտրի Պեսկովը։
Բազմակողմ ձևաչափով անցկացված քննարկման հիմնական քաղաքական արդյունքը դարձել է այն, որ Հայաստանի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը պաշտպանել են նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները։ Համատեղ հայտարարությունում Ռուսաստանը և նրա գործընկերները ԵԱՏՄ-ի գոյության 12 տարիների ընթացքում առաջին անգամ բարձրացրել են Հայաստանի հետագա արտաքին քաղաքական ընտրության հարցը և ակնարկել, որ այդ ընտրության գինը կարող է լինել կազմակերպության անդամակցության կորուստը։
Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցին Երևանում առաջին պաշտոնական արձագանքը տվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը չի թաքցրել իր գոհունակությունը։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում վարչապետի մերձավոր շրջապատի անդամը վստահեցրել է, թե Մոսկվայի հետ հարաբերություններում առկա խնդիրները չափազանցված են և արհեստականորեն ուռճացվել են մամուլի կողմից։
«Գիտեմ, որ վարչապետ Փաշինյանի և նախագահ Պուտինի միջև շատ ջերմ զրույց է եղել։ Կարծում եմ՝ բոլոր հարցերը ուռճացված են հայկական մամուլի կողմից, և դրանք բոլորը կլուծվեն»,— հայտարարել է հայ նախարարը։
Միևնույն ժամանակ, Գևորգ Պապոյանը չի պատասխանել ճշտող հարցին, թե արդյոք Երևանը պատրաստել է պատասխան Մոսկվայից ստացված այն նամակին, որը վերաբերում է գազի, նավթամթերքների և բնական ադամանդների արտոնյալ մատակարարումների մասին համաձայնագրի հնարավոր չեղարկմանը։
Ըստ հոդվածի հեղինակի՝, հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա ուղերձը ևս հաստատում է, որ Մոսկվայի դիրքորոշումը մնում է կոշտ:
«Ընկեր Նիկոլը գնում է ընկեր Տրոցկու վտանգավոր արահետով։ Պատասխանելով Հայաստանի՝ որ ինտեգրացիոն միավորման կազմում լինելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու կոչին՝ նա կիրառել է Լև Դավիդովիչի հայտնի բանաձևը՝ «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, իսկ բանակը՝ լուծարել»։ Բառացիորեն այսպես․ հանրաքվեով ոչինչ չենք որոշի, քանի դեռ մեզ չեն հրավիրել ԵՄ։ Իսկ հետո, բնականաբար, վազելով կգնանք Եվրոպա։ Բայց մինչ այդ կշարունակենք օգտվել ԵԱՏՄ բոլոր արտոնություններից՝ հմտորեն եկամուտ ստանալով Ռուսաստանից և միության մյուս երկրներից»,— գրել է Դմիտրի Մեդվեդևը «Մաքս» հարթակի իր ալիքում։
Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ Հայաստանի վարչապետը «իհարկե, լավ գործիչ է», սակայն հիշեցրել է, որ «փնտրվող բանաձևը հանգեցրեց նրան, որ Բրեստի հաշտությունը, այնուամենայնիվ, պետք եղավ կնքել, սակայն արդեն ավելի վատ պայմաններով»։
«Իսկ Տրոցկու ոլորապտույտ արահետն էլ նրա համար ավարտվեց բավական ողբերգական կերպով»,— իր շնորհավորական ուղերձն այսպիսի մռայլ ավարտով է եզրափակելՄեդվեդևը։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն են ընդունել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանին առաջարկվում է հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։
Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։
Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։





