AM
2 Հունիս 2026 - 07:28 AMT

ԵՄ-ն Ռուսաստանին մեղադրել է ՀՀ ընտրություններին միջամտելու փորձի մեջ

Եվրամիությունը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա ազդեցություն գործադրելու փորձերի մեջ։

«Ակնհայտ է, որ ժամանակի ընտրությունը պատահական չէ։ Ռուսաստանը ձգտում է վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա», – հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անիտտա Հիպերը հունիսի 1-ին Բրյուսելում անցկացված ճեպազրույցի ընթացքում, գրում է Deutsche Welle-ն:

Նրա խոսքով՝ Հայաստանը, որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ պետություն, իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր ուղին և գործընկերներին։

«Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերի պայմաններում», – ասել է Հիպերը։

Նա նաև հավելել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանին նման ճնշումներին հակազդելու գործում։

Նշվում է, որ Հիպերի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի առաջնորդները Հայաստանին կոչ են արել հանրաքվե անցկացնել՝ ընտրություն կատարելու հնարավոր ԵՄ անդամակցության և Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) հետագա մասնակցության միջև։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է այդ առաջարկը՝ այս փուլում հանրաքվեի անցկացումը բնութագրելով որպես «անտրամաբանական»։

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: