ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ԵԱՏՄ-ն օգտագործում է ԵՄ անցնելու համար, փորձում է իր բոլոր խնդիրները լուծել ԵԱՏՄ-ի, առաջին հերթին՝ Ռուսաստանի հաշվին», հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Նա այդպես է արձագանքել ՌԴ-ում սահմանափակումներից տուժած ֆերմերներին փոխհատուցումներ տրամադրելու մասին Փաշինյանի հայտարարությանը:
Նա հավելել է, որ Ուկրաինայում էլ նույնն էր՝ խոսում զարգացման մասին, բայց եվրոպական շուկան, ըստ էության, չբացվեց նրանց արտադրանքի համար, գրում է ՌԲԿ-ն:
Վոլոդինը հավելել է, որ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին բաց չի ներկայացնում Եվրամիությանն անդամակցելու գործընթացի և «թաքցնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները»։
Վոլոդինի խոսքով՝ դրանց թվում կարող են լինել բնակչության համար գազի գնի գրեթե քառակի աճը, Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների կտրուկ նվազումը, որոնք տարեկան կազմում են մոտ 4 միլիարդ դոլար և ապահովում են բոլոր փոխանցումների շուրջ երկու երրորդը, ինչպես նաև միգրացիոն արտոնությունների դադարեցումը։ Նրա պնդմամբ՝ այդ դեպքում Ռուսաստանի տարածքում աշխատելու համար անհրաժեշտ կլինի օգտվել միայն արտոնագրային համակարգից։
Վոլոդինը նաև նշել է, որ կարող են դադարեցվել Հայաստանից Ռուսաստան իրականացվող ծաղիկների, հատապտուղների, մրգերի, բանջարեղենի, այդ թվում՝ պղպեղի, ձկնամթերքի, ալկոհոլային արտադրանքի և հանքային ջրի մատակարարումները։
«Նույնը տեղի ունեցավ Ուկրաինայում։ Երբ որոշում էին կայացնում ԵՄ-ի հետ ինտեգրման մասին, մի բան էին ասում, այդ թվում՝ զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Իրականում պարզվեց, որ նույն ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը, ըստ էության, այդպես էլ չթույլատրեցին, որ մուտք գործի եվրոպական շուկաներ՝ դրա համար սահմանելով խիստ և ոչ շահավետ սակագնային քվոտաներ։ Նույնը սպասում է նաև Հայաստանին», — հավելել է Վոլոդինը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ Փաշինյանը, հավանաբար, անձնական պարտավորություն է ստանձնել Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղղությամբ և փորձում է այդ գործընթացի ծախսերը բարդել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի վրա։
«Ակնհայտ է, որ նրան չի մտահոգում հայ ժողովրդի ճակատագիրը և Հայաստանի պետականությունը։ Այս դեպքում նա կարծում է, որ այդ կերպ կպահպանի իր անձնական իշխանությունը», — եզրափակել է Պետդումայի նախագահը։
Փաշինյանը խոստացել է փոխհատուցումներ տրամադրել այն ֆերմերներին, որոնք վնասներ կկրեն Ռուսաստան արտահանման սահմանափակումների հետևանքով։ Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպման ընթացքում նա հայտարարել է, որ պետական աջակցությունն ուղղվելու է կրած վնասների փոխհատուցմանը։ Միաժամանակ վարչապետն ընդունել է, որ որոշ դեպքերում հայկական արտադրանքը չի համապատասխանել որակի պահանջվող չափանիշներին՝ նշելով, որ նման ընկերություններին ևս աջակցություն է ցուցաբերվելու արտադրանքի որակի բարելավման նպատակով։
Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։
Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ:





