AM
2 Հունիս 2026 - 13:46 AMT

Փաշինյան․ Հայկական վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն արտահանվում են նոր ուղղություններով

Հայաստանից վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն ուղարկվել են նոր շուկաներ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր երկրների հետ է ձեռք բերվել պայմանավորվածություն ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքներն արտահանելու վերաբերյալ։

Հարցին, թե խոսքը վերաբերում է Եվրամիության, թե այլ շուկաների, վարչապետը պատասխանել է. «Եվրամիության և այլ», հայտնում է Արմենպրեսը:

Նրա խոսքով՝ արդեն մի քանի գործարար պատվիրակություններ սկսել են աշխատանքը նոր շուկաներում։

«Այսօր մեր մի քանի գործարար պատվիրակություններ արդեն աշխատում են, և արդեն վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, տեղ կհասնեն, նոր կասեմ, թե որ երկրներ»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը նաև վստահեցրել է, որ հայկական արտադրանքի իրացման հետ կապված խնդիրներ չեն առաջանա։

«Եվ ոչ մի ապրանք չի մնալու։ Հիմա արդեն արտահանվում են ուրիշ ուղղություններով»,- ասել է նա։

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Դրանից առաջ սահմանափակումներ են կիրառվել նաև Հայաստանից արտահանվող մի շարք բանջարեղենային մշակաբույսերի նկատմամբ։

Ռուսաստանը նաև արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ձկնամթերքի և որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։