ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակվում է Հայաստանից ծագող և արտահանվող սերմային մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման նկատմամբ։
Գերատեսչության հաղորդմամբ՝ սահմանափակումները վերաբերում են նաև նշված արտադրանքի տարանցմանը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ։
Հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումները պահպանվելու են մինչև արտահանվող ապրանքների անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմների մշակումը և ներդրումը։
Ռոսսելխոզնադզորը նաև նշել է, որ ստեղծված իրավիճակը, իր գնահատմամբ, վկայում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության առջև ծառացած կառուցվածքային խնդիրների մասին և ցույց է տալիս, որ գերատեսչությունը դժվարություններ ունի գյուղատնտեսական արտադրողների վերահսկողության գործառույթներն իրականացնելու հարցում։
Նշվել է նաև, որ 2019 թվականին իրականացված կառավարական կառուցվածքային բարեփոխումների արդյունքում Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը լուծարվել է, իսկ դրա լիազորությունները փոխանցվել են էկոնոմիկայի նախարարությանը։
Ներկայումս ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում պետական քաղաքականության մշակմամբ և իրականացմամբ զբաղվում է հենց այդ գերատեսչությունը։ Այն պատասխանատու է ագրարային քաղաքականության, գյուղմթերքի վերամշակման, անասնաբուծության, անասնաբուժության, բուսաբուծության, թունաքիմիկատների և ագրոքիմիկատների կիրառման, օրգանական գյուղատնտեսության, գյուղատնտեսական կոոպերացիաների և ձկնաբուծության ոլորտների համար։
«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Դրանից առաջ սահմանափակումներ են կիրառվել նաև Հայաստանից արտահանվող մի շարք բանջարեղենային մշակաբույսերի նկատմամբ։
Ռուսաստանը նաև արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ձկնամթերքի և որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։





