AM
3 Հունիս 2026 - 06:53 AMT

Կարսում հայ և թուրք գործարարները քննարկել են համագործակցության հեռանկարները

Հունիսի 2-ին Կարս քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի և Հայաստանի գործարար շրջանակների հանդիպումը՝ քննարկվել են համագործակցության հեռանկարները:

Այն կազմակերպվել էր Կարսի Առևտրի և արդյունաբերության պալատի (KATSO) նախաձեռնությամբ՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների, ինչպես նաև Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության (TOBB) աջակցությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում համագործակցության հնարավորություններին, գրում է ermenihaber.am-ը։

Բացման ելույթում Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Քադիր Բոզանը նշել է, որ Կարսը պատմության ընթացքում հանդիսացել է առևտրային ճանապարհների կարևոր հանգույցներից մեկը՝ առանձնացնելով տարածաշրջանային տնտեսական համագործակցության կարևորությունը։

Նրա խոսքով՝ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումն առանցքային նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական հեռանկարի համար, և նա հույս է հայտնել, որ անցկացված յուրաքանչյուր հանդիպում նպաստելու է նոր ներդրումների ներգրավմանն ու բարեկամական կապերի ձևավորմանը։

«TOBB»-ի վարչության անդամ և Էրզրումի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Սաիմ Օզաքալընը նշել է, որ գործարար աշխարհը կարևոր դեր ունի երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։ Նրա գնահատմամբ՝ թուրքական ընկերությունների ձեռքբերումները միջազգային նախագծերում տարածաշրջանային համագործակցության շնորհիվ կարող են առավել ընդլայնվել։

Ելույթ է ունեցել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Հայկ Դարբինյանը։ Նա նշել է, որ երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը տնտեսական համագործակցության համար նոր հնարավորություններ են ստեղծել։

«Հայաստանի և Թուրքիայի միջև ձևավորվող անմիջական առևտրային հնարավորությունները կարող են օգտակար լինել երկու երկրների համար»,- հայտարարել է Դարբինյանը։

Թուրքիայի ԱԳՆ Կովկասի հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Այշե Ուզերը ևս նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվում։

«Հույս ունենք, որ 2026 թվականը կդառնա այն տարին, երբ այս նպատակները կվերածվեն իրականության։ Գործարար շրջանակների համագործակցությունը կնպաստի մեր հարաբերությունների ամրապնդմանը»,-նշել է Ուզերը։

Պաշտոնական ելույթներից հետո թուրք և հայ գործարարները B2B ձևաչափով փակ հանդիպումներ են անցկացրել սննդի արդյունաբերության, տեքստիլի, շինարարության, զբոսաշրջության և տեխնոլոգիաների ոլորտներում։ Քննարկումների ընթացքում դիտարկվել են նոր առևտրային կապերի ձևավորման և համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում: Ընդգծվել է Ախալքալաք–Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։